Թատրոններ

Թատրոնն արվեստի տեսակ է, որն արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ:  Թատերական ներկայացումը գրական երկի և բեմական գործողության համադրությամբ ստեղծվող իրականություն է:
 
«Թեատրոն» բառը հունարեն է. նշանակում է հանդիսավայր, ներկայացում: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի անմիջական կրողը դերասանն է. նա գրական երկի հերոսներին անձնավորում, կերպավորում է բեմական խոսքի, դիմախաղի և շարժման միասնությամբ: 
Դերասանի պրոֆեսիոնալ արվեստը ձևավորվել է և զարգացել Հին Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Հին Հունաստանի թատրոններում:
Հայ իրականության մեջ դերասանի արվեստի ավանդույթներն սկզբնավորվել են մ. թ. ա. II–I դարերում: Նորագույն թատրոնը բնորոշվում է նաև ռեժիսորի արվեստով. նա գրական երկի բեմադրման ողջ ընթացքի ղեկավարն է: Ռեժիսորը  բեմական արտահայտչամիջոցներով բացահայտում է երկի գաղափարը` ըստ իր մտահղացման:
Պատմական զարգացման ընթացքում, որպես թատրոնի հիմնական տիպ և թատերական համակարգ, ստեղծվել է դրամատիկական արվեստն իր գաղափարաբովանդակային հիմքով՝ թատերագրությամբ (դրամա): Թատրոնը տարակառույց (սինկրետիկ) արվեստ է, որի բաղադրիչները՝ օպերան, բալետը, մնջախաղը, տիկնիկային թատրոնը, կրկեսը, զարգացման ավելի ուշ շրջաններում՝ XVI–XVII դարերում, մշակվել և դարձել են բեմարվեստի ինքնուրույն տեսակներ: Թատերարվեստի նախատիպեր են  հնագույն կրոնապաշտամունքային խաղերն ու արարողությունները, երգային-վիպական բանահյուսության ավանդման ձևերը, որոնք սկզբնավորվել և զարգացել են Միջագետքի և առաջավորասիական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 
Դրամայի և թատերական ներկայացման նախնական ձևը խմբերգային բանաստեղծությունն էր, որը մ. թ. ա. VI–V դարերում Հին Հունաստանում վերաճել է գրական թատրոնի: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III–I դարեր) թատրոնում խմբերգային տարրը, նվազելով, իր տեղը զիջել է գործողությանը: Հունական դրամայի անկումից հետո թատրոնը և դրամատուրգիան զարգացել են Հռոմում՝ որպես քաղաքական ողբերգություն և կենցաղային կատակերգություն: Անտիկ թատրոնի հին ու նոր ձևերը տարածվել են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդեսիայում, Արտաշատում, Տիգրանակերտում և այլուր: 
Ըստ Պլուտարքոսի՝ Հայոց Տիգրան Բ Մեծ արքան մ. թ. ա. 69 թ-ին թատրոն է կառուցել մայրաքաղաք Տիգրանակերտում: Տիգրան Բ-ի ստեղծած թատերական ավանդույթն Արտաշատում շարունակել է որդին՝ Արտավազդ Բ-ն, որը գրել է ողբերգություններ:
Հելլենական քաղաքակրթության անկումից հետո ձևավորվել է միջնադարյան թատրոնը Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում (III–X դարեր): Ինքնատիպ թատերական համակարգեր են ձևավորվել և զարգացել Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, իսկ X դարից եվրոպական երկրներում լայնորեն տարածվել է շրջիկ հրապարակային թատրոնը: XII–XV դարերում Եվրոպայում զարգացել է հոգևոր դրաման և մինչև XVI դարը գրական թատրոնի հիմնական տիպն էր:
Թատրոնը զարգացման նոր աստիճանի է հասել Վերածնության դարաշրջանում: Եվրոպական որոշ երկրներում վերաիմաստավորվել են անտիկ և հելլենական թատրոնի գեղագիտությունը և հումանիստական ոգին, զարգացել է գեղարվեստական նոր աշխարհայացք, որը պայմանավորել է թատերական մտածողության ամբողջ հետագա ընթացքը: XIX դարի 1-ին կեսին մեծացել է դերասանի՝ որպես կենտրոնաձիգ ուժի, նշանակությունը:
Հայ իրականության մեջ միջնադարից հետո թատրոնը նորովի սկզբնավորվել է XVII–XVIII դարերում՝ Լվովի հայկական կաթոլիկական և Վենետիկի Մխիթարյան դպրոցներում: 
Հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոններն ստեղծվել են Կոստանդնուպոլսում («Արամյան թատրոնը», 1846 թ., «Արևելյան թատրոնը», 1861 թ.) և Թիֆլիսում (Հայոց դրամատիկական թատրոնը, 1863 թ.): 
Հայկական նոր թատրոնը զարգացել է այն երկրներում (Լեհաստան, Ռուսաստան, Եգիպտոս, Իտալիա և այլուր), որտեղ ժամանակի ընթացքում առաջացել են  հայկական գաղթավայրեր:
XX դարում Հայաստանի առաջին պետական թատերական հաստատությունը Երևանի Առաջին պետթատրոնն էր (այժմ՝ Ազգային ակադեմիական թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան), որը հիմնադրվել է 1921 թ-ին: 1920-ական թվականներից կազմակերպվել են Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի դրամատիկական, Երևանի և Գյումրիի տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնները: 1970–80-ական թվականներից Երևանում գործում են մնջախաղի, կամերային, Հենրիկ Մալյանի անվան և այլ թատրոններ: 
1957 թ-ից գործել է հեռուստաթատրոնը: 
1990-ական թվականներին Հայաստանում կատարված վերափոխումներն արտացոլվել են նաև թատրոնում. երկրում անկախության հաստատումը թատերական գործիչներին ազատ ստեղծագործելու հնարավորություն է ընձեռել:
Երևանում բացվել են նոր՝ Համազգային, Երաժշտական կամերային, «Մետրո» դրամատիկական, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Ագուլիս» տիկնիկային և այլ թատրոններ:
Հայկական թատերախմբեր են գործում նաև Սփյուռքում՝ Լիբանանում՝ «Փափազյան թատերախումբը», Սիրիայում՝ «Ադամյան թատերախումբը», Լոս Անջելեսում՝ «Մհեր Մկրտչյան թատերախումբը», «Վարդան Աճեմյան թատերախումբը», Նյու Յորքում՝ Համազգայինի թատերախումբը և այլն:

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը