«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցող երգչախմբերն այցելեցին Շիրակի մարզ

Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկած «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից երգչախմբերը օգոստոսի 7-ին այցելեցին Շիրակի մարզ:

Գյումրիում Սփյուռքից ժամանած երգչախմբերն այցելեցին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի:

Երեկոյան Գյումրու քաղաքապետարանի Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Մոսկվայի «Շողեր» (ՌԴ, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ելենա Բեգլարյան), Թբիլիսի «Ներսես Շնորհալի» (Վրաստան, խմբավար՝ Մարիամ Աբուլյան), Բեյրութի «Այգ» երիտասադական  (Լիբանան, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյան), Շուշիի «Վարանդա» (Արցախ, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյան), Կահիրեի «Արաքս» (Եգիպտոս, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Միհրան Թեզիպաշյան), Էստոնիայի «Երազանք» (Տալլին, խմբավար՝ Անահիտ Շահզադեյան), Սպահանի «Տաթև» (Իրան, գեղարվեստական ղեկավար՝ Համիկ Ալեքսանդրյան) երգչախմբերը:

Համերգի վերջում ելույթ ունեցան Գյումրու Հայորդյաց տան սաները, նրանք  պարգևատրվեցին  ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

«Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետարանին, մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փառատոնի սփյուռքահայ մասնակիցներին հյուրընկալելու համար և Գյումրիի արվեստասեր հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար: