«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցող երգչախմբերն այցելեցին Շիրակի մարզ
Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկած «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից երգչախմբերը օգոստոսի 7-ին այցելեցին Շիրակի մարզ:
Գյումրիում Սփյուռքից ժամանած երգչախմբերն այցելեցին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի:
Երեկոյան Գյումրու քաղաքապետարանի Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Մոսկվայի «Շողեր» (ՌԴ, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ելենա Բեգլարյան), Թբիլիսի «Ներսես Շնորհալի» (Վրաստան, խմբավար՝ Մարիամ Աբուլյան), Բեյրութի «Այգ» երիտասադական (Լիբանան, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյան), Շուշիի «Վարանդա» (Արցախ, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Զաքար Քեշիշյան), Կահիրեի «Արաքս» (Եգիպտոս, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Միհրան Թեզիպաշյան), Էստոնիայի «Երազանք» (Տալլին, խմբավար՝ Անահիտ Շահզադեյան), Սպահանի «Տաթև» (Իրան, գեղարվեստական ղեկավար՝ Համիկ Ալեքսանդրյան) երգչախմբերը:
Համերգի վերջում ելույթ ունեցան Գյումրու Հայորդյաց տան սաները, նրանք պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետարանին, մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փառատոնի սփյուռքահայ մասնակիցներին հյուրընկալելու համար և Գյումրիի արվեստասեր հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար: