Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Արարատյան Հայրապետական թեմ
Տեղեկատվական կայք
Արարատյան Հայրապետական թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր թեմերից։ Առաջնորդանիստը՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի: Կազմավորվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Գրիգոր Ա Լուսավորիչը ձևավորում էր Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը։ Ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը։
Ագաթանգեղոսի Պատմության հունական և արաբական խմբագրությունների համաձայն՝ Սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքները իր աթոռին ենթարկեց։ Թեմում ընդգրկված էին Արարատյան դաշտի Մասյացոտն, Մազազ, Ոստան գավառները, նաև՝ Կոտայք, Նիգ, Ծաղկոտն, Արագածոտն գավառների ու Շարուրի դաշտի տարածքները, որոնք կառավարում էին անմիջականորեն Հայոց կաթողիկոսին ենթակա Վաղարշապատ, Արտաշատ և Դվին քաղաքների եպիսկոպոսները: Ամենայն հայոց կաթողիկոսը միաժամանակ Այրարատյան թեմի առաջնորդն է (ինչի համար էլ թեմը կոչվում է Արարատյան Հայրապետական թեմ): ավելին...
449 թվականի Արտաշատի ժողովի ժամանակ կաթողիկոսի տեղապահ Հովսեփ եպիսկոպոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի) միաժամանակ հիշատակվում է որպես եպիսկոպոս Այրարատոյ: Պահպանվել են թեմի շուրջ երկու տասնյակ նշանավոր վանքերի անուններ՝ իրենց առաջնորդների անուններով հանդերձ․ Աբրահամ՝ սրբո Կաթուղիկե վանից երեց (Սուրբ Էջմիածնի), Սամուել սրբո Հռիփսիմեի, Բաբյուլաս սրբո Հովհաննու վանաց, Խոսրով Օշականու, Հավիտյան Եղիվարդա, Դավիթ Երևանա, Իսմայել Գառնո, Հունանես Ավանի, Իսրայել Պտղավանից, Ջոջիկ Արամուսից, Հովհանիկ Արտավազդա Ապարանից, Աբաս, Որդյակ և Աբրահամ Փարպիո, Միքայել Աղցից, Գրիգորիս Արճո, Կոզմաս Ուրդա, Մահեն Մյուս Արճո, Հովհանիս Արծափաց, Սիմոն Դարունից, Սամոտ Բագարանի: 607 թվականի այս ցուցակը հիշյալ վանքերից շատերի առաջին հիշատակությունն է պատմական տեքստերում։
Բագրատունյաց թագավորության շրջանում (9–11-րդ դարեր) Արարատյան Հայրապետական թեմի մասին հավաստի տվյալներ չկան, իսկ հայկական պետականության անկումից (1045) հետո և կաթողիկոսական աթոռի երկարատև դեգերումների շրջանում (1045-1441) Հայոց կաթողիկոսներն այլևս չեն կարողացել անձամբ կամ իրենց նշանակած փոխանորդների միջոցով մասնակցել երբեմնի ընդարձակ այդ թեմի կառավարման գործերին։
Ձեռագրերի հիշատակարանների համաձայն, 1390 թվականին Արարատյան թեմը միացվել է Բջնո թեմին, և այս երկուսը կառավարել է մեկ եպիսկոպոս: Կես դար անց Արարատյան թեմը մեկ անգամ էլ է հիշատակվում՝ կապված կաթողիկոս․ աթոռն Էջմիածնում վերահաստատելու իրադարձությունների հետ, և, ինչպես պարզվում է, նրա երեք վարդապետները՝ Կիրակոս Ռշտունեցին, Սարգիս Ձագավանեցին և Տիրացու Վանանդեցին, գործուն մասնակցություն են ունեցել 1441 թվականի ազգային եկեղեցական ժողովին։ Բացի Վաղարշապատի առաջնորդարանից ու Մայրավանքից թեմի կյանքում շոշափելի դեր են խաղացել Հավուց թառի, Հովհաննավանքի, Բջնիի, Խոր վիրապի, Կողբի, Բագարանի վանքերն իրենց միաբանություններով։ Դարավերջից Արարատյան թեմ անվանումն անհետանում է պատմական վավերագրերից, և ժամանակ անց նույն տարածքում հիշատակվում է Երևանի թեմը: Դա հետևանք էր 14-րդ դարի վերջից երկրամասում կազմավորված մուսուլմանական կիսանկախ իշխանությունների, որոնց մայրաքաղաքն է դառնում տարեցտարի բարգավաճող Երևանը:
Ըստ 18-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու և Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1763–1780) վկայությունների, 15-18-րդ դարերի Երևանը ձևավորվել է որպես նվիրական թեմ, իսկ նրա մեջ ընդգրկված բնակավայրերը սեփականության իրավունքով բաժանվել են մեծ ու փոքր վանքերի միջև։ Ըստ այդմ, Երևանի առաջնորդը միաժամանակ Հավուց թառի վանահայրն էր, որը նշանակվում էր քաղաքացիների ցանկությամբ և կաթողիկոսի հաստատմամբ։ 15-րդ դարից Հավուց թառի վանահայրեր են հիշվում Զաքարիա (1441), Հովհաննես (1465), Զաքարիա Բ (1487), Համազասպ և Զաքարիա Պահլավունիներ (1526–1577), Սահակ (1602), Համազասպ (1618), Մկրտիչ (1630-ական թթ․), Սիմեոն Ջուղայեցի (1640–1650-ական թթ․), Հովհաննես (1650–1660-ական թվականներ) և այլ եպիսկոպոսներ:
Հավուց թառն ամայացել է 18-րդ դարի 50-ական թվականներին, որից հետո Երևանը դարձել է Սուրբ Էջմիածնի տերունական թեմերից մեկը։ Երևանում Հայոց կաթողիկոսներն ունեին իրենց մշտական իջևանը՝ Ձորագյուղի անապատը: Այստեղ կառուցվել են կաթողիկոսարան, կաթողիկոսական փոքր եկեղեցի՝ Սուրբ Գևորգ անունով, Սուրբ Հակոբ Հայրապետ և սուրբ Սարգիս եկեղեցիները։ Էջմիածնից ուղարկված վարդապետները, հաստատվելով այստեղ, կառավարել են Մայր աթոռի երևանյան կալվածները՝ այգիներ, ջրաղացներ, կրպակներ և այլն։
1610-ական թվականներին Մովսես Սյունեցու նախաձեռնությամբ քաղաքի հյուսիսային մասում գտնվող Սուրբ Անանիա առաքյալի անշուք մատուռի կողքին կառուցվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, դպրանոց և վանական այլ շինություններ, որոնք կարևոր դեր են խաղացել քաղաքի կյանքում։ Այդ կառույցները փայտից էին և կործանվել են 1634–1635-ին՝ թուրք-պարսկական կռիվների շրջանում։ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը վերականգնել է վանական այդ համալիրը, բայց 1679 թվականի երկրաշարժի հետևանքով հիմնահատակ կործանվել են ոչ միայն Երևանի եկեղեցիները, այլև Արարատյան աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը՝ վերաշինվելով միայն 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին։ Սուրբ Անանիա առաքյալի վանքը գործել է մինչև 1835 թվականը, ապա վերածվել է ծխական եկեղեցու (այժմ՝ Զորավոր Աստվածածին եկեղեցի)։
Ըստ Ոսկան Երևանցու ցուցակի, 1670 թվականին Երևանի թեմում ընդգրկված էին խանության տարածքում գործող վանական հին թեմերը կամ եպիսկոպոսարանները և մի քանի շրջանների փոխանորդություններ՝ Առինջի, Եղվարդի, Մուղնու, Սաղմոսավանքի, Կոշավանքի, Հովհաննավանքի, Գեղարդի, Մաղարդավանքի, Վարդիհայրի, Կարբիի, Աղջոց վանքի ու Ձագավանքի (Գետարգելի) վանական թեմերը և Խոր վիրապի, Ուշիի պատվակալ արքեպիսկոպոսարանները, ընդհանուր թվով՝ ավելի քան մեկ ու կես տասնյակ։ Այս թեմին էր ենթարկվում նաև Տփղիսի հայ համայնքը։
18-րդ դարի կեսին, երբ վերջնականապես կարգավորվել են Հայ եկեղեցու թեմերի սահմանները, Երևանը հիշատակվում է կիսով նվիրական և կիսով տերունի թեմ, որի մեջ համախմբված էին Երևան քաղաքը և շրջակա բոլոր գյուղերը, Արաքսի աջ ափին գտնվող Բլուր ավանն ու շրջակա տարածքները։ Այս իրավիճակը հարատևել է մինչև 1836 թվականի Պոլոժենիեի ընդունումը։ 19-րդ դարի կեսին Ռուսական կայսրության սահմաններում ձևավորվել են Հայ եկեղեցու 6 ընդարձակ թեմեր կամ վիճակներ, որոնցից երրորդը Երևանի թեմն էր, որի իրական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոսը: Թեմն ունեցել է 4 փոխանորդություն՝ Երևանի, Նախիջևանի, Շիրակի ու Տաթևի: Կարսը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1878) հետո՝ 1880-ական թվականներին, թեմի կազմում ավելացել է նաև հինգերորդ՝ Կարսի փոխանորդությունը, որն ընդգրկում էր ողջ Կարսի մարզը:
1900 թվականին Երևանի թեմում կար 643 եկեղեցի, 47 վանք, 788 քահանա, 585 004 ծխական համայնքի անդամներ՝ որոնցից 66 500-ը՝ քաղաքաբնակ, իսկ 518 504-ը՝ գյուղաբնակ։ Գործում էր 1837 թվականի սեպտեմբերի 2-ին բացված մեկ թեմական դպրոց՝ 460 աշակերտով և 20 ուսուցչով:
Նախախորհրդային շրջանում Երևանի թեմի առաջնորդարանը մշտապես գործել է Ձորագյուղի անապատի նախկին կաթողիկոսարանում։ Սուրբ Գևորգ եկեղեցին վերակառուցվել է և օգտագործվել որպես թեմական խորհրդարան և գրատուն։ Երևանի թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնն են վարել նշանավոր հոգևորականներ Զաքարիա վարդապետ Գյուլասպյանը, Հովհաննես վարդապետ Շահխաթունյանցը, Ստեփանոս արքեպիսկոպոս Արղությանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Սուքիաս արքեպիսկոպոս Պարզյանը, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը, Խորեն վարդապետ Մուրադբեկյանը (1932–1938 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան) և ուրիշներ։
Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսության նվիրապետ․ կարգը ենթարկվել է արմատական փոփոխությունների․ Երևանի թեմը՝ իբրև հայրապետական, շարունակել է իր գոյությունը, այն տարբերությամբ, որ տրոհված էր երկու փոխանորդությունների՝ Հին Նախիջևանի ու Դարալագյազի և Նոր Բայազետի: Թեմի կազմում էին նաև Սևանի մենաստանը, Մուղնու Սուրբ Գևորգ և Գնդեվազի վանքերը։ 1930-ական թվականների սկզբին փոխանորդությունները վերացել են, և մի կարճ ժամանակ թեմը տրոհվել է 15 գործակալությունների՝ Բաշ Գառնիի, Գառնիի, Վեդի-Բասարի, Հին Նախիջևանի և Գողթնի, Մեղրու, Կոտայքի, Ծաղկաձորի, Գեղարքունյաց, Դարալագյազի, Վաղարշապատի, Աշտարակի, Ապարանի, Բաշ Ապարանի, Սարդարապատի, Հրազդանակողմյան, որոնք նույնպես շուտով վերացել են, և Երևանի թեմը դարձել է ձևական կամ անվանական։
Ստալինյան հալածանքների տարիներին փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, բանտարկվել, աքսորվել կամ գնդակահարվել է հոգևորականների զգալի մասը։ Երևանում քանդվել են՝
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (այժմյան Մոսկվա կինոթատրոնի տեղում)
Գեթսեմանի մատուռը (Օպերայի և բալետի ազգային թատրոնի տեղում)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում)
Սուրբ Հակոբ եկեղեցին
Կոզեռնի մատուռը և միջնադարյան համանուն գերեզմանոցը (ԱԺ շենքի տեղում) և այլն։
Երևանի թեմը, արդեն հին անունով (Արարատյան հայրապետական), աննշան արտոնություններ է ստացել 1960-ական թվականներին, Վազգեն Ա-ի կաթողիկոսության շրջանում։ 1989 թվականին նրանից առանձնացվել է Սյունյաց թեմն իր այժմյան տարածքով։
1991 թվականին ձևավորվում է Գուգարքի թեմը, 1996 թվականի մայիսի 30-ին, Գարեգին Ա-ի հայրապետակական տնօրինությամբ թեմից անջատվել և առանձին միավոր են կազմել Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի թեմերը:
Արարատյան Հայրապետական թեմ ներկայումս իր մեջ ներառում է Երևան քաղաքը, Արարատի մարզը և Սևանի վանքը: Թեմն ունի 17 գործող եկեղեցի և վանք, 8 մատուռ:
Արարատյան Հայրապետական թեմի տարածքում են գտնվում Դվինի կաթողիկոսարանի համալիրը, Խոր վիրապ (ենթարկվում է Մայր աթոռին), Սուրբ Հովհաննես Կարապետ, Հավուց թառ, Աղջոց վանքերը, Երևանում՝ Ավանի Սուրբ Հովհաննես (6-րդ դար), Քանաքեռի Ս․ Աստվածածին (17-րդ դար), Նորագավթի Ս․ Ծիրանավոր (18-րդ դար), Ս․ Սարգիս (19-րդ դար, վերակառուցված՝ 20-րդ դար) եկեղեցիները, Արարատի մարզում՝ Մրգավանի Ս․ Հակոբ, Արգավանդի Սուրբ Սարգիս, Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին, Արարատի Սուրբ Հակոբ, Դալարի Սուրբ Աստվածածին, Գեղարքունիքի մարզում՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ եկեղեցիները։
Արարատյան Հայրապետական թեմի գործող եկեղեցիներն են՝ Երևանում՝ Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Կաթողիկե, Կոնդի Սուրբ Հովհաննես, Նորագավթի Սուրբ Գևորգ, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Քանաքեռի Սուրբ Հակոբ, Մալաթիայի Սուրբ Աստվածածին, Եռաբլրի Սուրբ Վարդանանց, Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռը:
Երևանում գործում են 3 Հայորդաց տներ (Արաբկիր, Մալաթիա, Նորք թաղամասերում), Հայ եկեղեցու երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ), Քրիստոնեական դաստիարակության դպրոցների կենտրոնը (ՔԴԴԿ), Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի մասնաճյուղը, Շողակաթ հեռուստակենտրոնը, Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը, Քանաքեռի մանրանկարչության կենտրոն դպրոցը, բարեգործական ճաշարաններ։ 2000-ից լույս է տեսնում Շողակն Արարատյան երկշաբաթաթերթը։
1999 թվականի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: