Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
Օրգանիզմը համակարգված օրգանական մարմին է՝ մարդու հոգեֆիզիկական հատկությունների ամբողջություն, ի սկզբանե սահմանված գործունեության մեխանիզմ, անընդհատ շարժման և գործողության մեջ գտնվելու համակարգ, որտեղ յուրաքանչյուր օրգան իր դերն ու նշանակությունն ունի:
Այսպիսին է նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ), մի ամբողջական օրգանիզմ, որտեղ հոգու արտահայտության կարևոր դրսևորումը բուժանձնակազմի հոգատարությունն ու պատրաստակամությունն է: Օրգանիզմ, որտեղ յուրաքանչյուր օրգանի ճիշտ գործունեության արդյունքում ստեղծվում է առողջ և կատարյալ համագործակցություն ու արդյունք, և որում մեծ դերակատարումը բժիշկների պրոֆեսիոնալիզմն է, առանց որի «կանգ» կլիներ: ավելին...
Յուրաքանչյուր օրգանիզմ ուժեղ և առողջ է այնքանով, որքանով ուժեղ է այնտեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխության, խախտման ճիշտ ախտորոշման օղակը: Այստեղ ևս չենք կարող չնշել ախտորոշիչ կենտրոնի նորագույն սարքավորումներով և լավագույն մասնագետներով հագեցվածության փաստը՝ գիտակցելով և կարևորելով ախտորոշման դերն ու նշանակությունը:
Բոլորովին վերջերս ախտորոշիչ կենտրոնը հագեցվել է Toshiba ընկերության Aquilion one մոդելի համակարգչային շերտագրման սարքով, որը Հայաստանում միակն է: Այն կատարում է 640 շերտագրում և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Արդեն գործում է Aplio 500 սարքավորումը՝ 4D հետազոտություն կատարելու հնարավորությամբ:
Ախտորոշիչ կենտրոնում գործում է Roche- Cobas C311, E411, Sysmex XS X500 ընկերությունների արտադրության գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել բազմաթիվ հիվանդությունների առաջացման պաթոգենետիկ գործոնները և արմատապես փոխել բուժման ընթացքը: Կենսաքիմիական լաբորատորիայում տեղադրված Cobas C311 սարքը 1 ժամում կատարում է թվով 300 հետազոտություն:
Անհրաժեշտ է նաև նշել, որ թեստերի 73%-ը հնարավոր է իրականացնել 5 և պակաս միկրոլիտր շիճուկի առկայության դեպքում, որը հատկապես անփոխարինելի է մանկաբուժության պրակտիկայում: Սարքը հնարավորություն ունի իրականացնել ավելի քան 200 թեստ` 1 հետազոտության վրա ծախսելով 7-15 րոպե:
Cobas E411 սարքը, որը տեղադրված է իմունոլոգիական լաբորատորիայում, հնարավորություն տալիս 1 ժամում 85 հետազոտություն կատարել՝ ապահովելով հետազոտության կատարման բարձր արագություն 9-18 րոպեների ընթացքում:
Այս բոլոր սարքավորումներն ունեն որակի հսկման ներքին համակարգ: Շնորհիվ մեքենայացված համակարգով գործող սարքավումների և հմուտ մասնագետների, ապահովվում է հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն, կարճ ժամանակահատվածում կատարվում մաքսիմալ ճշգրիտ, այդ թվում նաև բացառիկ հետազոտություններ: Կենտրոնը եզակիներից է, որտեղ կատարվում են ախտորոշիչ և թերապևտիկ էնդոսկոպիկ միջամտություններ: Olympus ընկերության CV 150 տեսահամակարգով գործող էնդոսկոպիկ սարքի օգնությամբ առաջին անգամ «Արմենիա» ՀԲԿ-ում են իրականացվել և շարունակում են կատարվել այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի և կերակրափողի վարիկոզ երակների բուժումը լիգավորման եղանակով, ստամոքսային ուղու ստենտավորումը, բալոնային դիլատացիան:
Ներկայում «Արմենիա» ՀԲԿ-ն համալրված է Հայաստանում եզակի Simens ընկերության Artis Zee մոդելի անգիոգրաֆիկ սարքով, որի օգնությամբ մատուցվում է նոր ծառայություն: Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ո՛չ միայն սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ կորոնարոգրաֆիա, կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ բալոնային դիլատացիա, ստենտավորում, սրտի խոռոչների ներանոթային հետազոտություն, աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա, այլ նաև քնային զարկերակների, վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում:
Անգիոգրաֆիկ ծառայությունն իրականացնելու համար սերտ համագործակցում են ինտերվենցիոն սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Կատարվում են բարդ էնդովասկուլյար միջամտություններ սրտի կորոնար անոթների և պերիֆերիկ զարկերակների վրա, ինչպես նաև Cava Filter իմպլանտացիա, որը լողացող (ֆլոտացիոն) թրոմբների առկայության դեպքում տեղադրվում է ստորին սիներակում, ստորին վերջույթների խորանիստ երակներում՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ բարդության կանխարգելման նպատակով:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործող ընդհանուր վիրաբուժական կլինիկան ևս մեծ հաջողությունների է հասել և հանրապետությունում առաջատար դիրք է զբաղեցնում ստոծանիական և աճուկային ճողվածքների լապարոսկոպիկ բուժման գործընթացում:
Առ այսօր միայն «Արմենիա» ՀԲԿ-ում է կատարվում աճուկային ճողվածքների լապարասկոպիկ TEP մեթոդով միջամտություն ֆրանսիական Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով, որը համարվում է աշխարհում ամենահուսալի մեթոդներից մեկը:
Միայն «Արմենիա» ՀԲԿ-ում են իրականացվում կերակրափողի և ստամոքսի 24-ժամյա pH-մոնիտորինգ, կերակրափողի իմպենդանսոմետրիա, որոնք անհրաժեշտ և անփոխարինելի են ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտորոշման և բուժման գործընթացում:
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատել և շարունակում է ծավալել իր գործունեությունը որպես ամբողջական օրգանիզմ՝ բոլոր օրգան-համակարգերով: