Հայ դատի հանձնախումբ (անգլ. Armenian National Committe^iuj ազգային կոմիտե), ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք արևելյան և արևմտյան։ Տնօրենների խորհուրդը հարաբերություններն իրականացնում է ֆեդերալ, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով։ Հայ դատի գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։ ավելին...
Ըստ հանձնախմբի կանոնադրության, Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետ։ Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի Հանրապետության մեջ և Կովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ խորհրդային Միության այլ մասերում ու աշխարհի շատ երկրներում, իսկ Հանրապետության տարածքը զբաղեցնում է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված արևմտյան Հայաստանը ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերը իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրք, կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել արևմտյան Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմ. հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում). երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք, Հայ դատը գտնում է, որ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ։ Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի (այժմ արդեն՝ նախկին) հայկական այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից։ Հայկական հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ և դեմոկրատ, պետության ստեղծում։
Հայ դատի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա։ Նշելի միջոցառումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին սենատի հանձնարարականը (1989)։ Կալիֆորնիայում նահանգային իշխանությունների որոշմամբ 1990-ի ապրիլի 24-ը նշվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցեղասպանության դասընթացներ, կազմըվել դասագիրք «Հայ դատ»։ Հայ դատը ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերը այդ երկրներում, Արցախի ու Հայաստանի շրջափակումը։
Հայ դատին կից գործում է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը Հայաստանում, Անկախ պետությունների համագործակցությունում և Թուրքիայում։ Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ։ Հայ դատի տեղական հանձնախմբեր են գործում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, 1991ից՝ Երևանում։ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում գործող Հայ դատի հանձնախմբերը 1970-1980-ական թթ. զգալի աշխատանք կատարեցին հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստեցին հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում: