Բելգիայի Հայ Համայնք

Բելգիայի հայ համայնքը կազմավորվել է 20-րդ դարի 20-ական թվականների սկզբին, երբ թուրքական ջարդերից փրկված ավելի քան հազար հայեր բնակություն են հաստատել երկրում: 1922 թվականին նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է Բելգիայի հայ գաղութային վարչությունը, որի նպատակն էր ստեղծել վերկուսակցական համագաղութային կառույց:

Այդ ժամանակվանից համայնքը ղեկավարվում է Բելգիայի կառավարության կողմից վավերացված ներքին կառավարման կանոնադրությամբ:

Այդ տարիներին Բելգիայում գործել է Հայ-բելգիական ընկերությունը, որը բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ թուրքական վայրագությունների: 1931 թվականից Բրյուսելի համալսարանում գործել է հայագիտական ամբիոն` պատմաբան Նիկողայոս Ադոնցի ղեկավարությամբ: 1941-1950 թվականներին հայերի թիվը հասել է շուրջ 2500-ի:

1965 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից Բրյուսել սովորելու եկած հայ ուսանողները հիմնել են «Հայ ուսանողների ընկերությունը»: 1970-ական թվականներին հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, 1990-1996 թվականներին` նաև Հայաստանից: 2003 թվականի դրությամբ Բելգիայում բնակվել են շուրջ 10 000 հայեր, ովքեր հիմնականում հաստատվել են Բրյուսելում և Անտվերպենում: Նրանք զբաղվում են առևտրով, կան նաև իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ և այլն:

1990 թվականին Անտվերպենում բացվել է «Հայ տունը», որը ներկայումս հայերի գլխավոր հավաքատեղին է:
Բելգիայի Օստենդ և Հասսելտ քաղաքներում գործում են շաբաթօրյա դպրոցներ, Մեխելենում` պարի համույթը, Անտվերպենում` «Նուարդ» մշակութային միությունը (նախագահ` Գևորգ Մինասյան): Հրատարակվում է Բելգիայի հայատառ միակ «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթը (գլխավոր խմբագիր` Գևորգ Մինասյան:

2009 թվականի դեկտեմբերի 12-ին հիմնվել է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (նախագահ` Գևորգ Մինասյան):

1988 թվականին Բելգիայի Խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, 1997 թվականին Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը