Հայերը Չեխիայում (չեխ․՝ Arménská menšina v Česku), Չեխիայի Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, Հայկական սփյուռքի մասը։ Չեխահայ համայնքը պատկանում է Եվրոպայում ձևավորված նորաստեղծ հայկական համայնքների թվին։
Համաձայն Չեխիայի Հանրապետության վիճակագրական գրասենյակի 2009 թվականի տվյալների՝ Չեխիայում բնակվում է 2025 հայ, մինչդեռ համաձայն նույն գրասենյակի 2005 թվականի տվյալների՝ երկրում բնակվում էր 1046 հայ։ Համաձայն Չեխիայում Հայաստանի դեսպանության 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ երկրում բնակվում է ավելի քան 3500 հայազգի անձ, որոնցից մշտական բնակության թույլտվություն է ստացել ավելի քան 2 հազար մարդ, ևս 1,5 հազարը գրանցված է որպես ժամանակավոր բնակվող։ Ոչ պաշտոնական տվյալներով Չեխիայում բնակվում է 12.000 հայ։ Գործում է 3 հայկական եկեղեցի։
Համայնքում հիմնականում երիտասարդ մասնագետներ են՝ ճարտարագետներ, նկարիչներ, լրագրողներ, երաժիշտներ, շինարարներ, բանվորներ, փոքր թիվ են կազմում գործարարները։ Ներկայումս Չեխիայում (հիմնականում՝ Պրահայում) բնակվում է շուրջ 10-12 հզ. հայ (ոչ պաշտոնական տվյալներով)։ 1999 թ-ից Պրահայում հրատարակվում է ՕՐԵՐ համաեվրոպական անկախ ամսագիրը։