Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Տեղեկատվական կայք
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը` իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ: ավելին...
1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով «պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը»: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոսիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում: 1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ: ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան: 1989թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը: 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում` ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին: 1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11 երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժնրի» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007թ) ԵԱ Երևան խումբը: 2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեդրակյանը, որը դեռ երիտասարդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը: