Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Տեղեկատվական կայք
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (նախկին անվանումներ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա), հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է ագրարային բնագավառի համար կադրեր պատրաստող առաջատար բուհը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ ավելին...
Ակադեմիական հեղինակություն
ՀԱԱՀ-ն համագործակցում է ԱՊՀ երկրների ագրարային բուհերի և կազմակերպությունների, եվրոպական մի շարք (Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան՝ Գերմանիա, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարան, Կասսելի համալսարան՝ Գերմանիա), ամերիկյան ( Ֆրեզնոյի ) համալսարանների հետ։ Տեխասի գյուղատնտեսության ու մեքենայացման (A & M) համալսարանի հետ համագործակցության արդյունքում 1999 թ. հիմնադրվեց hայ-ամերիկյան համատեղ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈՒԿ)։
Համալսարանը շարունակում է համագործակցել հեղինակավոր շատ բուհերի և այնպիսի միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերի հետ, ինչպիսիք են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը, Նիդեռլանդների Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնը (ICRA), Հյուսիսատլանտյան դաշինք («Գիտություն հանուն խաղաղության» ծրագիր), Էստոնիայի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնը, «Կենսաբազմազանություն» միջազգային կազմակերպությունը (Հռոմ), ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Չորային տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնը (ICARDA) և այլն։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտական հինգ խորհուրդ՝ գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, գյուղատնտեսության արտադրության, տնտեսագիտության։ Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 17 մասնագիտությունների գծով։ Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ։ Աշխատանքներ են տարվել խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում։
ՀԱԱՀ պատմական ակնարկ
Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվել է 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում։ Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները՝ ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930 թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մյուս մասնագիտությունների գծով։ 1928 թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ 1931 թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ 1932 թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։
1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998), իսկ 1998 թվականից մինչ օրս բուհը ղեկավարում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ա.Պ.Թարվերդյանը։ Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 4400, հեռակա ուսուցման համակարգում՝ 5800, քոլեջում՝ 157։ Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 450 ուսանող։ Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 240 է, որից շուրջ 200-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, 4-ը՝ Սիրիայից։ Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից։
Գիտական կենտրոնը կազմավորվել է 1998 թ. օգոստոսին՝ ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում։ Դեռևս 1972 թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ Գիտական կենտրոնի կազմում են ընդգրկված գիտական պրոբլեմային լաբորատորիաները, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի, հրատարակչական-խմբագրական, արտոնագրման բաժինները։ ՀՊԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ գիտական կենտրոնի կազմում 2005 թ. հունվար ամսից գործում են հետևյալ պրոբլեմային լաբորատորիաները՝
2010 թ. կենդանական ծագման հումքի և մթերքների, գինու և կոնյակի տեխնոլոգիայի, մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի պրոբլեմային լաբորատորիաների հիմքի վրա կազմավորվեցին պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի, իսկ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման պրոբլեմային լաբորատորիայի հիմքի վրա՝ գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտները։
2009 թ. գիտական կենտրոնի կազմում ստեղծվեցին միջազգային գիտական դրամաշնորհների, 2010 թ.` տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները։ Գիտական կենտրոնը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի գյուղատնտեսական բնագավառի, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնցից են ICARDA-ն, IPGRI-ն, IFPRI-ն, Հունաստանի գյուղատնտեսական հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը համակարգում է համալսարանում կատարվող ագրարային գիտահետազոտական աշխատանքները` վերահսկելով գիտական թեմաների ֆինանսական գործունեությունը, գիտական հետազոտությունների ընթացքն ու արդյունքների ներդրումը։