Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Տեղեկատվական կայք
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։
Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Պատմություն
1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։ ավելին...
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Նրա մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։
Ցուցադրություն
Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված է Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը։ Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի` Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։ 3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն։
Միջոցառումներ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են՝ թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը։
Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։
Ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների «իսահակյանցի» օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները։