Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Տեղեկատվական կայք
ավելացնել նյութը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։
Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր պոլիտեխնիկ), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարան։ 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի։ ավելին...
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980 – 1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։
Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։
ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։
ավելացնել նյութը