Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ.` նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցի» սրտի արատների և ռևմատոլոգիայի բաժանմունքի հենքով:
1994թ. հունիսին մանկական սրտի վիրաբուժության ծառայությունն սկսել է գործունեությունը։ Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ, իսկ1996թ.` նաև մեծահասակներ։ Ստեղծվել է մեծահասակների սրտաբանական կլինիկա։ Առաջին 5 տարիներին կենտրոնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով սկզբնապես Հայաստանում էր տարվա 6 ամսվա ընթացքում, վիրահատել է մոտ 350 մեծահասակների և երեխաների։
Ֆրանսիական «ԱՍԱՖ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ շատ սրտաբաններ վերապատրաստվել են Ֆրանսիայում: Զուգահեռաբար ամեն տարի Հայաստան էր այցելում մանկական սրտաբան Հրայր Գարաբեդյանը (Սփոքեյնի սրտի կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ)` մասնագիտական խմբով՝ ներսրտային միջամտություններ կատարելու և նորաստեղծ ծառայությանն աջակցելու նպատակով։ ավելին...
Սրտի վիրաբուժության ծառայությունն արդեն իսկ տարածաշրջանում ճանաչված էր: Վիրահատվելու կարիք ունեցողների տարեցտարի մեծացող թիվը և հարևան երկրներում այդ բնույթի կենտրոնների բացակայությունը թելադրում էին աշխատակազմի ավելացում և պայմանների բարելավում։
Նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցը» 1997թ. ամբողջովին վերամասնագիտացվեց և վերանվանվեց՝ վերածվելով սրտաբանության և սրտի վիրաբուժության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի: Այն 1998-1999թթ. դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ: ՌԴ մանկական ֆոնդի հետ կնքված պայմանագրով 5 տարի շարունակ հետխորհրդային երկրներից տարեկան 12 երեխա բարեգործական հիմունքներով վիրահատվում էր կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսական աջակցությամբ նշված երկրների մասնագետները վերապատրաստման 4-ամսյա ծրագիր էին անցնում կենտրոնում։
2001թ. ՀՀ նախագահը Թուրքմենստան կատարած այցի ժամանակ պատվիրակության կազմ ընդգրկեց նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին։ Ձեռք բերվեց համաձայնություն` տարեկան 5 երեխա անվճար վիրահատելու և Թուրքմենստանի բժիշկներին անվճար վերապատրաստելու մասին։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այժմ սպասարկում է մեր երկրի բնակչությանը և պահպանում տարածաշրջանային նշանակությունը։ Նախկին 37-ի փոխարեն այսօր կենտրոնն ունի մոտ 450 աշխատակից, այդ թվում` հիմնական 30 բժիշկ, 31 վիրաբույժ և սրտաբան, 180 բուժքույր։
Կենտրոնի կառուցվածքային հիմնական միավորներն են.
1. Մեծահասակների սրտաբանական կլինիկա
2. Մանկական սրտաբանական կլինիկա
3. Սրտի վիրաբուժության ծառայություն, վիրաբուժության ենթաբաժին, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ենթաբաժին, նորությունների և գիտական զարգացման ենթաբաժին
4. Ռենտգեն-օպերացիոն անգիոգրաֆիկ կաբինետ և հետզոնդավորման բաժանմունք
5. Լաբորատոր ծառայություն` էքսպրես ախտորոշման լաբորատորիա, կլինիկական ախտորոշման լաբորատորիա, կենսաքիմիական լաբորատորիա
6. Արյան շտեմարանի և իմունոլոգիական հետազոտությունների լաբորատորիա
7. Կենտրոնական ախտահանման լաբորատորիա
8. Ռենտգեն կաբինետ
9. Դեղորայքի և բուժգույքիկառավարման բաժին
10. Հիվանդներին և նրանց հարազատներին աջակցելու ծառայություն
11. Ինժեներական բաժին
12. Պետպատվերի բաժին
13. ֆինանսական խորհրդատվության բաժին:
Այս կառուցվածքային միավորները վերազինված են ժամանակակից տեխնիկայով։ Ռենտգեն-օպերացիոն անգիոգրաֆիկ կաբինետում (կաթետերացման լաբորատորիա) նախկին1 լաբորատորիայի փոխարեն գործում է 3 կորոնարոգրաֆիա: Տարեկան կորոնարոգրաֆիայի է ենթարկվում մոտ 2000 այցելու, որոնցից 600-ին արվում է փակ ներսրտային (ինվազիվ) վիրահատություն:
Մանկական սրտաբանական կլինիկայում տարեկան հետազոտվում է մոտ 6000 երեխա: Բնածին արատներ ունեցող 200 երեխա վիրահատվում է նույն կենտրոնում: Կատարվում է նաև բարձր ռիսկի հղիների պտղի ներարգանդային ախտորոշում, ինչպես նաև` բնածին արատով մեծահասակների ախտորոշում և բուժում։
Բաց վիրահատությունների հետ համատեղ կենտրոնում կատարվում է բնածին արատների շտկում ներզարկերակային ժամանակակից սարքերով: Մեծահասակների սրտաբանական կլինիկայի նոր մասնաշենքի կահավորված հետազոտությունների սենյակներում տարեկան հետազոտվում է 14 000 մեծահասակ, նրանցից մոտ 800-900-ը վիրահատվում են կենտրոնի սրտի վիրաբուժության բաժնում։
Սրտի վիրաբուժության ծառայությունն ապահովված է բարձր որակավորման մասնագետներով և հագեցած է նորագույն սարքավորումներով, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Սրտի փոխպատվաստումից զատ, կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ` անկախ բարդությունից։ Տարեկան շուրջ 800 վիրահատությունների արդյունքները համահունչ են եվրոպական և ամերիկյան նույնատիպ կլինիկաների ցուցանիշներին:
Նախկինում եղած 10-ի փոխարեն բաժինն այսօր ունի 80 մահճակալ` հետվիրահատական խնամքին անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Կլինիկայում կատարվում է բարդ համարվող Ռոսսի վիրահատություն, որը մինչ այդ արվում էր միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնակարգ կլինիկաներում։
Ներդրվել է նաև առանց արյան արհեստական շրջանառության վիրահատելու ձևը (off by pass), որը որոշակի ռիսկային խմբերի հիվանդներին զերծ է պահում կաթվածի հավանականությունից։
Սահմանվում է հետվիրահատական 6-ամսյա ապահովագրական ժամկետ, որի ընթացքում բոլոր հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում` նաև հետագա միջամտությունները, կատարվում են անվճար։
Միջին հաշվով օրական զբաղված է լինում 10-12 մահճակալ, իսկ մահացության տոկոսը, ներառյալ բարձր ռիսկի խմբերը՝ 3.8-4%, այդ ցուցանիշների ստորին շեմն է:
Կենտրոնում մշակված է հատուկ ծրագիր, որը սպասարկում է արտերկրից ժամանած հիվանդներին, գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը տրամադրում է բժշկական հեռակա խորհրդատվություն, ինչպես նաև հիվանդներին տեղափոխելու, դիմավորելու, տեղավորելու և այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: Կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ առաջատար կլինիկաներում, մասնակցում միջազգային մասնագիտական կոնֆերանսների ու սեմինարների: Կենտրոնում ձևավորված է ամենշաբաթյա կոնֆերանսների մշակույթ՝ Journal Club, պաթանատոմիական կոնֆերանս, պարբերաբար տեղի են ունենում գիտական քննարկումներ։
Ծրագրված է հիմնել անոթային վիրաբուժության ծառայություն, որի շնորհիվ խոշոր անոթների հիվանդություններ ունեցողները կբուժվեն ներսրտային կամ վիրաբուժական մեթոդներով: Այդ ծրագրով Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը տարին 2անգամ պարբերաբար այցելում է կենտրոն` անոթային վիրահատություններ կատարելու նպատակով: Քասաբյանը պատրաստում է հայ մասնագետներին Ավստրալիայում՝ այդ ծառայությունը համալրելու նպատակով։