Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամ
Տեղեկատվական կայք
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը որդեգրել է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ասպարեզում հանրությանը օգտակար լինելու և կարելվույն չափ աջակցելու ուղին: Հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է երեք տարի առաջ` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին սկսած 1998 թվականից արդեն բարեգործություն էր կատարում սփյուռքի հայկական կրթօջախների համար: Հիմնադրամը պաշտոնապես գրանցելու խնդիր կար միայն բարեգործների շրջանակը ընդլայնելու նպատակով: Իր գործունեության 3 տարիների ընթացքում հիմնադրամը հասցրել է կազմակերպել մի շարք մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների` գրքերի հրատարակման գործում, բացահայտել և խրախուսել սոցիալապես անապահով, ծնողազուրկ, սակայն ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալի ուսանողներին օգնություն է ցուցաբերվել ուսումը արտերկրի առաջատար բուհերում շարունակելու ուղղությամբ: Ապահովել է ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի մի շարք ուսումնական հաստաատություններին լաբորատոր սարքավորումներով և համակարգիչներով:
Ցանկացած բարեգործական ծրագիր մշակելիս և իրականացնելիս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախևառաջ մանրակրկիտ ուսումնասիրում է տվյալ ոլորտում առկա առաջնային կարիքները և առաջնորդվում դրանցով: Այսպես` հանրակրթությանն աջակցելու նպատակով ձեռք են բերվել ավելի քան 600 հավաքածու լաբորատոր սարքավորումներ, ինչը մեծապես կդյուրացնի բնական գիտությունների գործնական ուսուցման գործընթացը: Նույն սկզբունքով ձեռք են բերվել մանկական շարժական խաղահրապարկներ և տեղադրվել Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում: Այս անգամ հիմնադրամը որպես առաջնահերթություն է ընդունել երեխաների ազատ ժամանցը արդյունավետ կազմակերպելու նպատակը:
Առողջապահության ասպարեզում հիմնադրամի իրականացրած միջոցառումներից առավել կարևոր էր Ստեփանակերտի հիվանդանոցը բժշկական արդի սարքավորումներով ապահովելը:
Հիմնադրամը առաջիկայում նախատեսում է առավել ընդլայնել իր գործունեության շրջանակները` օգնության ձեռք մեկնելով կրթության և արվեստի բնագավառներում գործող կազմակերպություններին և անհատներին: