Հայերը Սերբիայում բնակվել են 17-18-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) և Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաև Արմենոֆոր գյուղը։ Սերբական Վիտովնիցա վանքային համալիրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան ХП դ. վերջի XIII դ. սկզբի սերբերեն և հայերեն շինարարական արձանագրություններ։ Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արևելքում ճանապարհորդելիս եղել է Հայաստանում և շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար։ ավելին...
Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Ցերմենչիչ վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այն տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430-ին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղևորվող հայազգի եպիսկոպոս։ 13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։ Սերբիայի՝ օսմանյան տիրապետության աակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առևտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։ Առանձին հայ առևտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում։ 17-րդ դարերում սկզբին հայեր կային նաև Սկոպլե (Սկոպյե) և Սարաևո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաևոյում՝ չորս հայ վաճառականների։ Հայերն ապրել են Նիշում, Օսյեկ քաղաքում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Ավստրիական օկուպացիայի տարիներին Բելգրադի հայ համայնքն ստացել է արտոնություններ և անգամ կառուցել սեփական եկեղեցի։ Բելգրադահայերի հոգևոր հովվությունն ստանձնել է Վենետիկի Մխիթարյանների Միաբանությունը։ Սերբիայում հաստատված հայերը կառուցել են եկեղեցիներ գրեթե բոլոր այն բնակավայրերում, որտեղ եղել է շատ թե քիչ կազմակերպված համայնք։ Սակայն իշխանությունների հրամանով (վերջին եկեղեցին քանդվել է Նովի Սադում` 1963 թ.) եկեղեցիները ժամանակի ընթացքում ավերվել կամ քանդվել են։ Եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։
1932 թվականին բելգրադահայերը հիմնել են Հայոց միությունը` հայկական ակումբով, որը գործել է մինչև 1941 թ. և ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1952 թվականին Սերբիայի համայնավարական իշխանությունները փակել են այն։ 1950-ական թվականներին Հարավսլավիայի տարածքում բնակվել է շուրջ 2500-3000 հայ։ 1990 թվականի փետրվարին Բելգրադի հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, Սերբիայի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր, երգահան Վարդգես Պարոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել է սերբ-հայկական մշակութային կենտրոնը։ Բնակվում են մեծամասամբ Բելգրադում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան Սերբիայի Նովի Սադ և Սերեբրենիցա քաղաքներում։ Հայ համայնքի և Հայաստանից գաղթած հայերի մասնակցությամբ վերականգնվել է Սերբիայի Հայոց միությունը։
1995 թվականին Բելգրադում հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նույնանուն նոր միություն՝ իր ընտրովի մարմնով, որը ղեկավարում է միության աշխատանքները։ Միության նախագահն է նկարիչ Միոտրագ Վարդապետյանը։ 1995 թվականին Սերբիայի Հայոց միության նախաձեռնությամբ Բելգրադում բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, հայ գրականություն և երաժշտություն։
1993 թվականի հունիսի 27-ին Հայկական ժողովրդային շարժման և Սերբ-հայկական ընկերության նախաձեռնությամբ Սերբիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։