Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Հայաստանի գրողների միություն
Տեղեկատվական կայք
Թեև խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Հայաստանում հիմնվել ու գործել են բազմաթիվ գրական կազմակերպություններ («Հայ գրողների միություն», «Հոկտեմբեր», «Նոյեմբեր», Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիա», «Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա»), Հայաստանի գրողների միությունը, որպես բաղկացուցիչ մաս, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության հետ միաժամանակ՝ 1934 թ.-ի օգոստոսին։ Հիմնադիր համագումարում (օգոստոսի 1-5) վարչության նախագահ է ընտրվել Դրաստամատ Սիմոնյանը։ Հայ գրողների պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ գրողների միության առաջին ¥հիմնադիր¤ համագումարին։ 1939 թվականի սեպտեմբերին Հայաստանում նշվել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը, այդ կապակցությամբ Երևանում տեղի է ունեցել ԽՍՀՄ գրողների միության վարչության պլենում։ 1941 թվականի մայիսի 10-ից 20-ը Մոսկվայում կայացել է հայ գրականության տասնօրյակ։ Հայրենական պատերազմին մասնակցել են 50-ից ավելի հայ գրողներ։ ավելին...
ՀԳՄ 2-րդ համագումարը տեղի է ունեցել 1946 թ. սեպտեմբերին, վարչության նախագահ է ընտրվել Ավետիք Իսահակյանը։
Այնուհետև տեղի է ունեցել ևս 14 համագումար։
ՀԳՄ 3-րդ (1954 թ. հունվար) համագումարում վարչության նախագահ է վերընտրվել Ավետիք Իսահակյանը։ ՀԳՄ 4-րդ (1959 թ. հունվար), 5-րդ (1966 թ.նոյեմբեր), 6-րդ (1971 թ. հունվար) համագումարներում վարչության առաջին քարտուղար է ընտրվել Էդվարդ Թոփչյանը։ ՀԳՄ 7-րդ (1976 թ. ապրիլ) համագումարում Վարդգես Պետրոսյանն ընտրվել է վարչության առաջին քարտուղար, իսկ 8-րդ (1981 թ. մայիս), 9-րդ (1986 թ. մայիս) համագումարներում՝ վարչության նախագահ։ 1988-ի հունվարին կայացել է ՀԳՄ վարչության արտահերթ պլենում, որը վարչության նախագահ է ընտրել Հրաչյա Հովհաննիսյանին։
1990 թվականի հունիսի 15-ին Հայաստանի գրողների միության նախագահությունը հրապարակել է հայ գրողների ինքնուրույն կազմակերպության նախագիծը, նույն տարվա սեպտեմբերին Գրողների տունը, որպես կենտրոնական շտաբ, տրամադրվել է Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ)։ Հայ գրողները ակտիվորեն մասնակցել են Հայաստանի ազգային պետականության վերականգնմանը, Արցախի ազատագրությանը։ Մի շարք գրողներ մարտնչել են տարբեր ռազմաճակատներում, Գանձասարի մարտերում զոհվել է Սամվել Շահմուրադյանը, Վազգեն Սարգսյանը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար, ապա և Հայաստանի Հանրապետության վարչապետ։
ՀԳՄ 10-րդ (1990 թ. սեպտեմբեր և 1991 թ. փետրվար)՝ երկու փուլով կայացած համա-գումարում միության նախագահ է ընտրվել Վահագն Դավթյանը։ ՀԳՄ 11-րդ արտահերթ (1994 թ. սեպտեմբեր) համագումարը միության նախագահ է ընտրել Ռազմիկ Դավոյանին, իսկ 12-րդ արտահերթ (1996 թ. ապրիլ) համագումարը՝ Հրանտ Մաթևոսյանին։
ՀԳՄ 13-րդ (2001 թ. մայիս), 14-րդ (2005 թ. մայիս), 15-րդ (2009 թ. հուլիս), 16-րդ (արտահերթ, 2013 թ. հուլիս) համագումարներում միության նախագահ է ընտրվել Լևոն Անանյանը։
ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարն ընդունել է ՀԳՄ նոր կանոնադրությունը։
ՀԳՄ 17-րդ արտահերթ (2013 թ. հոկտեմբեր) համագումարը միության նախագահ է ընտրել Էդվարդ Միլիտոնյանին։
ՀԳՄ-ի նախաձեռնությամբ հրավիրվել են գրողների համահայկական վեց համաժողովներ.
Երևանում (Ծաղկաձորում)՝ 2002 հունիս, 2004 հունիս, Բեյրութում՝ 2006 ապրիլ, Երևանում (Ծաղկաձորում՝)՝ 2008 հուլիս, 2010 հունիս, 2012 ապրիլ,
ինչպես նաև հայազգի օտարագիր գրողների հինգ համաժողովներ.
Երևանում (Ծաղկաձորում)՝ 2005 հոկտեմբեր, Երևանում, Ստեփանակերտում՝ 2007 հոկտեմբեր, Լոս Անջելեսում՝ 2009 նոյեմբեր, Երևանում (Ծաղկաձորում)՝ 2011 հոկտեմբեր, 2013 հուլիս։
Վերականգնվել են երիտասարդ գրողների ամենամյա համաժողովները (2003 թ.-ից), մանկական գրքի շաբաթները (2002 թ.-ից) և Թարգմանչաց տոները (2001 թ.-ից)։
2002 թ. հիմնադրվել է ՀԳՄ հրատարակչությունը, սկսել է հրատարակվել երիտասարդ գրողների «Մուտք» (2003-2007 թթ.) մատենաշարը։ Գրական գործող պարբերականների շարքում («Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» (2012-ից վերանվանվել է «Լիտերա»), «Նոր-Դար») ավելացել են «Արտասահմանյան գրականություն», «Գրականագիտական հանդես» (2004 թ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ), «Գրական մունետիկ» հանդեսները, «Սատիրիկոն» երգիծաթերթը (հետագայում դարձել է երիտասարդական թերթ՝ «Գրեթերթ»), «Ցոլքեր» (2005 թ.) մանկապատանեկան և «Լուսապսակ» (մինչև 2009 թ.) մանկական հրատարակությունները։ Սկսել է գործել cultural. am երիտասարդական ժամանակակից արվեստի և գրականության կայքը։ Ստեղծվել է «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական գրական ստուդիան (2002 թ.)։
2004 թ. հունիսին նշվել է Հայաստանի գրողների միության 70-ամյակը։