Հաջողությունը պահանջում է համբերություն և վճռականություն: Հեշտ է գրանցել և սկսել որևէ բիզնես, սակայն պահանջվում են խելացի, վստահ, հաշվարկված քայլեր` կայուն և հաջողակ ընկերություն ստեղծելու համար:
Շատերը «Բի էս Սի»-ն ընկալել են որպես Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող կազմակերպություն: Թեև «Բի էս Սի»-ի հիմքերը դրվել են Եվրոպական Միության ՏԱՍԻՍ (Technical Assistance to the Commonwealth of Independent States-TACIS) ծրագրի կողմից և այն հանդիսանում է ՏԱՍԻՍ-ի ամենահաջողված ծրագրերից մեկը ԱՊՀ երկրներում, սակայն արդեն 20 տարի «Բի էս Սի»-ն ինքնաֆինանսավորվող և կայուն ընկերություն է: ավելին...
«Բի էս Սի»-ի պատմությունը սկսվում է 90-ականներից, երբ Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպությունը` GTZ-ը (ներկայումս` GIZ), Նիդերլանդների Triodos Facet ընկերության հետ համատեղ հիմնադրեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործակալությունը (SME Development Agency in Armenia-SMEDA)` Հայաստանում գործող ՓՄՁ-ներին դասընթացներ և խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով: Որոշ ժամանակ անց SMEDA-ն վերանվանվեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամ (Armenian Foundation for Small and Medium Enterprises-AFSME):
1995 թվականին ԵՄ TACIS ծրագրի երկու նախագծեր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամը (AFSME) և Բիզնեսի հաղորդակցման կենտրոնը (Business Communication Center-BCC), միավորվեցին նոր կազմակերպություն հիմնելու նպատակով: Ստեղծվեց Հայաստանում Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (Armenian Business Support Center-ABSC), որի նպատակն էր ՓՄՁ-ներին և դրանց արտասահմանյան գործընկերներին մատուցել բարձրակարգ բիզնես ծառայություններ: Քանի որ 1996թ. ՏԱՍԻՍ ծրագրի ֆինանսավորումն ավարտվում էր, հարց առաջացավ՝ շարունակել արդյոք գործունեությունը, ու եթե այո, ապա ինչպես: Քննարկումների արդյունքում կազմակերպության մի քանի աշխատակիցներ միավորվեցին Հայաստանում ուժեղ, կայուն և որակյալ խորհրդատվական մասնավոր ընկերություն ստեղծելու գաղափարի շուրջ:
Եվ այսպես, 1996թ-ին հիմնադրվեց «Բի էս Սի»-ն՝ Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC-Business Support Center) կառավարման խորհրդատվական և բիզնես դասընթացների ծառայություններ մատուցող ընկերությունը: «Բի էս Սի»-ին գործունեության առաջին տարիներին համագործակցում էր Triodos Facet-ի հետ` իրականացնելով Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր: Այդ տարիներին ընկերության անձնակազմը կարողացավ մասնագիտական աճ ապրել, քանի որ Triodos Facet ընկերության հետ համագործակցության շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր դասընթացների, ինչի արդյունքում կարողացան կուտակել հարուստ գիտելիքներ` խորհրդատվական շուկայում որակյալ գործունեություն ծավալելու համար:
Ընդհուպ մինչև 1998թ. TACIS-ը շարունակում էր ընկերության մասնակի ֆինանսավորումը: Այդ ընթացքում ընկերության աշխատակիցները ակտիվորեն շարունակում էին ծառայություններ մատուցել ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի շուկայում: Սակայն 1998թ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը դադարեց, ինչի արդյունքում աշխատակիցներից շատերը դուրս եկան կազմակերպությունից: Մնաց աշխատակազմի մի մասը, որոնց թվում էր նաև «Բի էս Սի»-ի ներկայիս տնօրեն Սամվել Գևորգյանը:
Նա գտնում էր, որ ներդրված ժամանակը, ռեսուրսները և ջանքերը կարդարացվեն և հավատում, որ հաջողությունը դեռ առջևում է: Սամվել Գևորգյանը AFMSE-ում ընդունվել էր աշխատանքի որպես կրտսեր խորհրդատու և Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր: Նա վստահ էր ու հավատում էր, որ կարող է ստեղծել այնպիսի ընկերություն, որը կնպաստի Հայաստանում կառավարման խորհրդատվության շուկայի կայացմանը: Այդ իսկ պատճառով նա վճռական տրամադրվածությամբ շարունակեց աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունը գտնվում էր ծանր վիճակում, արտաքին ֆինանսավորման աղբյուրներ չկային, թվում էր` հայկական ընկերություններն ընդհանրապես չեն գիտակցում, որ պրոֆեսիոնալ խորհրդատվության կարիք ունեն, որպեսզի կարողանան ամրապնդել իրենց բիզնեսը և դուրս գալ ճգնաժամից:
«Բի էս Սի»-ի համար չափազանց կարևոր փուլ հանդիսացավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development-AED) կողմից հայտարարված մրցույթին մասնակցությունը և հաղթանակը: Շնորհիվ այդ հաղթանակի, ի լրումն մասնավոր հատվածի ընկերությունների համար մատուցվող ծառայությունների՝ «Բի էս Սի»-ն կարողացավ ոտքի կանգնել որպես կայուն ընկերություն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Մարքեթինգի, կառավարման, հաշվապահության և արդյունավետ բիզնես վարելու համար անհրաժեշտ այլ թեմաներով դասընթացներ կազմակերպելով և բիզնես պլաններ մշակելով հարյուրավոր ՓՄՁ-ների համար` «Բի էս Սի»-ն իր կարևոր դերակատարումն ունեցավ բազմաթիվ աշխատատեղերի, մարզային ձեռնարկությունների և եկամուտի նոր աղբյուրների ստեղծման գործում:
«Բի էս Սի»-ն Հայաստանում առաջին խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունն էր, որ իր փորձը, գիտելիքները, աշխատանքի ոճը տարածեց մարզային բիզնես ծառայություններ մատուցող կենտրոնների միջև` GTZ-ի հետ Սյունիքի և Տավուշի մարզերում իրականացված ծրագրերի շրջանակներում:
Մեր գործունեությամբ մենք ձգտում ենք ոչ միայն արժևորելու, այլ նաև նպաստելու մարզերի հավասարաչափ զարգացմանը: 22 տարիների ընթացքում Սամվել Գևորգյանը գործնական այցերով եղել է Հայաստանի 850 համայնքներում և ձգտում է այցելել մնացած 100 համայնքները ևս՝ տնտեսական ակտիվությանը նպաստող ծրագրերի իրականացման շրջանակներում: Բացի այդ` «Բի էս Սի»-ն մշտապես եղել է «մասնագետների դարբնոց»: 22 տարիների ընթացքում ընկերությունում աշխատել են 111 մասնագետներ, որոնց մեծ մասն այժմ աշխատում է հեղինակավոր միջազգային ընկերություններում և կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Բի էս Սի»-ն հպարտանում է, որ իր ներդրումն է ունեցել կառավարման խորհրդատուների մասնագիտական զարգացման մեջ և մինչ օրս ձգտում է աշխատելու սկսնակ մասնագետների` երիտասարդների հետ, քանի որ գտնում է, որ կարող է փոխանցել հարուստ փորձն ու գիտելիքը, ինչպես նաև ընձեռել սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություն: Մենք միշտ բաց ենք մեր փորձը և գիտելիքները մեր գործընկերների հետ կիսելու հարցում` երկրորդ պլան մղելով մրցակցությունը և արժևորելով երկարաժամկետ համագործակցությունը: Մենք պատրաստ ենք օգնելու աջակցել խորհրդատվական շուկայի դերակատարներին, մեր գործընկերներին, հաճախորդներին, քանի որ գիտելիքների, փորձի փոխանցման և փոխանակման շնորհիվ մենք նպաստում ենք շուկայում ծառայությունների որակի բարձրացմանը և կառավարման խորհրդատվության նկատմամբ դրական ընկալման ձևավորմանը:
«Բի էս Սի»-ի հաջողության գրավականը հավատն է առ այն, որ աշխատասիրության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթահարել առաջացող բոլոր խոչընդոտները, ձգտել գերազանցության: Շուկայի հետ մշտական կապի պահպանման և հավատարիմ գործընկերական կապերի ստեղծման արդյունքում այսօր «Բի էս Սի»-ն ներկայանում է որպես ուժեղ, կայուն և վստահելի ընկերություն, որն իրականացնում է զարգացման ծրագրեր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ, մատուցում մասնագիտական զարգացման և խորհրդատվական ծառայություններ շուկայի առաջատար ընկերություններին և ՓՄՁ-ներին, առաջարկում լուծումներ նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և իր գործունեությամբ նպաստում է շուկայում բիզնես մշակույթի զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք հավատում ենք, որ ունենալով հարուստ պատմություն` կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել անսահման հաջողության: