"Օրեր" ամսագիր, Պրահա

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիր լույս է տեսնում Պրահայում 1999 թվականի սեպտեմբերից։ Հրատարակիչը ոչ կառավարական Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է՝ Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ։ Երկամսյա պարբերականը հայաստանյան իրադարձություններից զատ, լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլև անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական ու համայնքային կյանքին:

«Օրեր»–ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին։ Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց, կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ։

Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում և Եվրոպայում տեղի ունեցող կարևոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ և օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին։ Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին։

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տարածվում է 25 երկրներում՝ Չեխիայի Հանրապետությունում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլն։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է