Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Տեղեկատվական կայք
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները: ավելին...
ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւ ձեւավորման համար:
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
Պատերազմի տարիներին՝ սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամերից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար մղվող պայքարին:
1990թ. մայիսի 27-ին այդ ջոկատներն եղան նաեւ Նուբարաշենում՝ խորհրդային զորքերին դիմադրողների առաջին շարքերում: Նրանք ակտիվ գործունեություն ծավալեցին նաեւ խորհրդային բանակի զենք-զինամթերքի ազգայնացման եւ դրանք ՀՀ սահմանամերձ շրջաններ տեղափոխելու ուղղությամբ:
ՀՀԿ-ն եղել է Հայաստանում առաջին զինվորական գերեզմանատան՝ Եռաբլուր պանթեոնի հիմնադիրներից մեկը:
Կուսակցությունն իր զգալի ներդրումն է բերել կամավորական զինված ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներին՝ նպաստելով հանրապետությունում կարգուկանոնի հաստատմանը, իսկ ՀՀ կանոնավոր բանակի կազմավորումից հետո հայտարարել է իր ապառազմականացման մասին:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչեւ 2007թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը:
Իր գործունեության ընթացքում ՀՀԿ-ն գումարել է 11 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005,2007, 2009, 2012, 2014 թթ.) եւ 4 արտահերթ (1996, 2002, 2006, 2012 թթ.) համագումարներ: 1999-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը, որը վերականգնվել է 2005-ին:
Մշտապես կարեւորելով միջկուսակցական կապերը` ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական դաշինքների ստեղծմանը: Կուսակցությունը եղել է Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ 1992թ. ձեւավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից մեկը: ՀՀԿ-ն իր մասնակցությունն է բերել 1993թ. կազմավորված Քաղաքացիական համաձայնության սահմանադրության խորհրդի աշխատանքներին:
1995թ. ՀՀԿ մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը, սակայն, Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1998թ. փետրվարին ՀՀԿ-ն դուրս է եկել միավորման կազմից:
1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության եւ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999թ. Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը:
1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո աննախադեպ աճեց ՀՀԿ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: 1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Ազգային Ժողովում` հինգ պատգամավորով, ապա 1999թ. ընտրված երկրորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ-ն ամենամեծ թվով (երեք տասնյակ) պատգամավորներ ունեցող կուսակցությունն էր: Գործելով խորհրդարանական մեծամասնության «Միասնություն» խմբակցության կազմում` ՀՀԿ-ն 1999թ. առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու կառավարության ձեւավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որի գլխավորած կառավարությունում կային ՀՀԿ անդամ նախարարներ:
1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Նրա վարչապետության տարիներին ոչ միայն զգալի դրական տեղաշարժեր արձանագրվեցին երկրի տնտեսական ու պետական կառավարման համակարգերում, այլեւ էական աշխատանք տարվեց ազգային գաղափարախոսության կշիռը հասարակական-քաղաքական եւ պետական կյանքում մեծացնելու ուղղությամբ:
Լինելով գաղափարական կառույց` ՀՀԿ-ն մշտապես կարեւորել է հասարակության մեջ իր գաղափարախոսության եւ դրանից բխող մոտեցումների տարածումն ու արմատավորումը: Այս նպատակին են հաջողությամբ ծառայել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը, «Ազգայնական» մատենաշարը, Ցեղակրոնությունը, Տարոնականությունը, Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը լուսաբանող, ազգային այլ թեմաներով բազմաթիվ քննական-վերլուծական գրքույկները, հիշատակի միջոցառումները, տոնախմբությունները, ուխտագնացությունները եւ այլն:
2001թ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետականորեն նշվեց Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակը. հանրապետության մի շարք կրթօջախներում, գիտական հաստատություններում պատշաճորեն նշվեց այդ տարեդարձը, հրատարակվեց Նժդեհի երկերի երկհատորյակը, Բուլղարիայից Հայաստան բերվեցին մեծ հայորդու գրչին պատկանող նորահայտ նյութեր եւ այլն:
2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. ՀՀԿ-ն երրորդ գումարման խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:
2003 թ. տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող երեք քաղաքական ուժեր` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը ձեւավորեցին խորհրդարանական կոալիցիա եւ այն ամրագրեցին երեք կուսակցությունների ղեկավարների ստորագրած հուշագրով:
Անդրանիկ Մարգարյանը շարունակեց ղեկավարել ՀՀ կառավարությունը, որտեղ ՀՀԿ առաջադրմամբ յոթ նախարարներ էին պաշտոնավարում: ԱԺ նախագահի տեղակալը եւ ԱԺ մշտական վեց հանձնաժողովներից երեքի նախագահները եւս ներկայացնում էին Հանրապետական կուսակցությունը:
2006թ. մայիսին խորհրդարանական մեծամասնության եւ գործող կոալիցիայի կազմից դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունը, եւ Ազգային Ժողովում տեղի ունեցան քաղաքական ուժերի վերադասավորումներ։ Խորհրդարանական մեծամասնության մաս կազմեցին նաեւ «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցությունը եւ «Ժողպատգամավոր» խումբը։ Արդյունքում՝ հունիսին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ։
2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։
2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները: Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:
2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 33.9 %-ը: Արդյունքում` ձևավորվեց ՀՀԿ խմբակցություն 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրեց կոալիցիոն, իսկ ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության հուշագրեր:
Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվեց կառավարություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
2007թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 11-րդ հերթական համագումարը, որի ընթացքում կատարվեցին կանոնադրական որոշակի փոփոխություններ: Հանվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմին ընտրվեց ՀՀԿ գործադիր մարմինը, որպես կուսակցության ներկայացուցչական մարմին՝ ՀՀԿ խորհուրդը: ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:
2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ: Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր, որի հիման վրա ձևավորվեց ՀՀ կառավարություն` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
2008թ. սեպտեմբերին, Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ:
2009թ. նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀԿ 12-րդ համագումարը, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
2009թ. մայիսին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն, ստանալով ձայների ճնշող մեծամասնմությունը, ձեւավորեց Երեւանի ավագանու ամենամեծ խմբակցությունը՝ առաջադրելով Երեւանի քաղաքապետի եւ առաջին փոխքաղաքապետի թեկնածություններ: 2009թ. ավագանու որոշմամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը, 2010թ. Երեւանի քաղաքապետ ընտրվեց Երեւանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը, իսկ 2011թ. Երեւանի քաղաքապետ ընտրվեց փոխքաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը:
2011թ. նոյեմբերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը:
2012 թ. մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 44.02%-ը: 2012թ. մայիսի 31-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը Հանրապետական կուսակցության անդամներ են:
2012թ. մայիսի 31-ին ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ընտրվեց ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ նախագահ:
2012թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու:
2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ: Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր, որի հիման վրա ձևավորվեց ՀՀ կառավարություն` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն, ստանալով ձայների ճնշող մեծամասնմությունը, ձեւավորեց Երեւանի ավագանու ամենամեծ խմբակցությունը՝ առաջադրելով Երեւանի քաղաքապետի թեկնածությունը: Ավագանու ընտրությունների արդյունքների համաձայն ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երևանի քաղաքապետ:
2014թ. մայիսի 24-ին տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
2016թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
Նախորդ 25 տարիներին հանրապետականը զուգահեռաբար անցել է իր իսկ ներկուսակցական կյանքի, հայաստանյան քաղաքական համակարգի եւ անկախ պետականության կայացման բարդ ուղի: Արցախյան ազատամարտից հետո, հաղթահարելով նաեւ տնտեսական ճգնաժամերը, սոցիալական կոնֆլիկտները, կուսակցական եւ գաղափարախոսական հակասությունները` ՀՀԿ-ն շարունակում է պայքարել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված նոր Հայաստանի կայացման համար: ՀՀԿ ծրագրերի եւ անելիքների առանցքը եղել եւ մնում է պետականության ամրապնդումը, այնպիսի հասարակության կայացումը, որը հիմնվում է բազմակարծության, հանդուրժողականության, համերաշխության, մարդու արժանապատվության, ազատության, հավասարության երաշխավորման, իրավունքի գերակայության հաստատման, ժողովրդավարության ապահովման սկզբունքների վրա:
Հանրապետական կուսակցությունը միշտ ունեցել է երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական՝ ռազմավարական նպատակ ունենալով այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները եւ օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:
Լայնորեն ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում ու տեղական ինքնակառավարման մարմիններում` ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ՝ իբրեւ նպատակ, գաղափարախոսություն եւ կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ: