Ալիք-ը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրյա, իսկ 1941 թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լույս է տեսնում 8 էջով։ Հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. հունվարին Իրանի հեղափոխութեան հաղթանակի նախօրյակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանությունը, իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը, զանգվածների քաղաքականացումը և Իրանի բարգավաճմանն ու վերելքին նպաստելը իր հնարաւորությունների սահմաններում են։ ավելին...
Նախապես ունեցել է շեշտված հակախորհրդային դիրքորոշում՝ ի նպաստ հայ ժողովրդի անկախության վերականգնման։
Հայաստանի անկախացումից հետո պաշտպանել է օրավոր զարգացող Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը՝ ամրագրված փոխադարձ շահերի հիման վրա։
Ալիք-ի արտոնատերերն են եղել՝ դոկտ. Վարդան Հովհաննիսյանը, դոկտ. Արտաշես Բաբալյանը, դոկտ. Ռոստոմ Ստեփանյանը և ճարտ. Ալբերտ Աճեմյանը։ Իսկ տարբեր տարիների խմբագիրներից պիտի նշել՝ Հովսեփ Թադեոսյանին, Երվանդ Հայրապետյանին, Անդրե Տեր-Օհանյանին, Հովսեփ Հովհաննիսյանին, Տաճատ Պողոսյանին, դոկտ. Բաղդիկ Մինասյանին, Արսեն Մամյանին (խմբ. պատասխանատու), Հրայր Խալաթյանին, Էդվարդ Երիցյանին, Էդվարդ Ղահրամանյանին, Նորայր Էլսայյանին և Սեդա Դավթյանին։ Ներկայիս, 2004 թ. մարտից, օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքյանը։
1961-63 թթ. հրատարակվել է «Ալիք» ամսագիրը, իսկ 1969-78 թթ.՝ «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթը։
Ունեցել է «Շարժում», «Հայ երիտասարդ», «Ուսանողական էջ», «Գրական», «Էջ 404» հավելվածները։ Ներկայիս ունի երիտասարդական «Խաչմերուկ» և «Մանկական էջ» հավելվածները։
Ունի իր սեփական տպարանը և խմբագրատան շենքը։ Հրատարակել է իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերեն ու պարսկերեն գրքեր և տպագրական այլազան պատվերներ։ Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդեսներին։
Ալիք-ի խմբագրատունը 1998 թվականին, փոխադրվեց իր նոր շենքը, իսկ տպարանը 2006 թվականին փոխադրվեց այդ նույն շենքը։
Ներկայիս տպագրվում է 4350 տպաքանակով, ունի բաժանորդներ՝ Իրանի հայահոծ քաղաքներում և սփյուռքի զանազան գաղթօջախներում։ 2001 թ. հունվարի 23-ից «Ալիք»-ը տեղադրվում է համացանցի վրա։
2007 թվականին լույս տեսավ «Ալիք»-ի հիմնադրման 75-ամեակի առթիվ պատրաստված գիրքը։