Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆ (ՍՊԸ)
Տեղեկատվական կայք
Ժամանակի ընթացքում, քաղաքի վերակառուցումը, իսկ բոլշևիզմի հաղթանակից հետո «կուլտուրական հեղափոխությունը» հիմնահատակ արեց շուրջ 16 դար շարունակ կառուցված հայկական ճարտարապետական չքնաղ նմուշներ: Դրանց շարքում հայտնվեց նաև Պողոս-Պետրոս եկեղեցին: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով: Շենքի ճարտարապետներն էին Տիրան Երկանյանը և Գևորգ Քոչարը: Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցումների է ենթարկվել՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բ.Արզումանյանի, Զ.Զաքարյանի, Ա.Իսրայելյանի, Ա.Մելիքյանի նախագծով: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով: ավելին...
Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո այն մեկ տարով փակվեց և վերաբացվեց 2000թ. սեպտեմբերին: Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվեց և վերաբացվեց 2010 թվականին:
Այժմ կինոթատրոնը ունի չորս դահլիճ՝«Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր» փոքր դահլիճ՝ 49 նստատեղ, «Տեսասրահ» 35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: Ամեն տարի, տարվա տարբեր ամիսներին, կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան», «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Բացի այդ այստեղ են կազմակերպվում մի շարք դեսպանատների կողմից իրականացվող զանազան միջոցառումներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:
2014 թվականի դեկտեմբեր ամսից կինոթատրոնը cult.am մշակութային պորտալի հետ համատեղ սկսեց իրականացնել էլ. տոմսերի վաճառք, 2015 թվականին նորացվեցին մեծ դահլիճների էկրանները, մշակվեց կինոթատրոնի նոր ապրանքանշանը և կորպորատիվ ոճը, գործարկվեց նաև կինոթատրոնի նոր պաշտոնական կայք էջը:
Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում՝ պատրաստ լինելով ժամանակակից մարտահրավերներին: