Add text
Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության միակ և բարձրագույն մարմինը միապալատ Ազգային ժողովն է, որը ներկայացուցչական մարմին է և արտահայտում է ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը:
Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, հաստատում պետական բյուջեն, իրականացնում խորհրդարանական վերահսկողություն:
ՀՀ առաջին օրենսդիր մարմինն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից (1918 թ-ի մայիսի 28) հետո՝ 1918 թ-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով: Սկզբում կոչվել է Հայաստանի խորհուրդ, ապա՝ պառլամենտ կամ խորհրդարան: Ունեցել է 80 պատգամավոր, 72-ը՝ ՀՀԴ կուսակցությունից: Օգոստոսի 1-ին Երևանում բացվել է անդրանիկ նստաշրջանը. ընտրվել են խորհրդարանի նախագահը (Ավետիք Սահակյան), 2 փոխնախագահները, հաստատվել է կառավարության կազմը: ավելին...
Խորհրդային տարիներին (1920–91 թթ.) գործել է ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, որն ընդամենը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տեղական մարմինն էր՝ առանց ինքնուրույն գործելու իրավունքի:
ՀՀ ներկայիս օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի (ԱԺ) ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ (2007 թ-ից սկսած): Հերթական ընտրություններն անցկացվում են ԱԺ-ի լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ի պատգամավոր կարող է դառնալ 25 տարին լրացրած, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք: Պատգամավորության թեկնածուները կարող են առաջադրվել մեծամասնական (առաջադրվում են անհատ թեկնածուներ) և համամասնական (մասնակցում են կուսակցությունները՝ ըստ իրենց առաջադրած ցուցակների) ընտրակարգով: Վերջիններս ԱԺ-ում իրենց ներկայացուցիչն ունենալու համար ընտրություններում պետք է ստանան ընտրողների ձայների առնվազն 5 %-ը: 2007 թ-ից ԱԺ-ն ընտրվում է 131 պատգամավորից՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով:
ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ-ի նախագահ և 2 փոխնախագահներ, ստեղծում մշտական հանձնաժողովներ՝ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար:
ՀՀ օրենսդիր մարմնի իրավական կարգավիճակը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված են նրա իրավասությունները, փոխհարաբերությունները ՀՀ նախագահի, Կառավարության և մի շարք այլ պետական մարմինների հետ, ԱԺ-ի կազմավորման և գործունեության կարգի հիմունքները, պատգամավորների իրավունքներն ու պարտավորությունները, գործունեության երաշխիքները, լիազորությունների դադարեցման հիմքերը և այլն:
ԱԺ-ի գործունեության մեջ իր նշանակությամբ և ծավալով առաջնայինը օրենսդրական գործառույթն է: ԱԺ-ի ընդունած օրենքներն օժտված են գերակայությամբ: ՀՀ նախագահի, Կառավարության և պետական մարմինների ընդունած ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են ի կատարումն ՀՀ օրենքների և պետք է համապատասխանեն դրանց:
ԱԺ-ն վերահսկում է պետական բյուջեի կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի օգտագործումը: Վերահսկողական գործառույթ է համարվում նաև ԱԺ-ի՝ Կառավարությանն անվստահության քվե հայտնելու իրավունքը:
ՀՀ ԱԺ-ն օժտված է նաև սահմանադրական այլ լիազորություններով. ՀՀ նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում, պատերազմ, վավերացնում կամ չեղյալ է համարում ՀՀ միջազգային պայմանագրերը, Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերացնում է հանրապետությունում հայտարարված ռազմական կամ արտակարգ դրությունը, Կառավարության առաջարկությամբ հաստատում հանրապետության վարչատարածքային բաժանումը և այլն:
ՀՀ ԱԺ-ի ներկայիս (2019 թ.) նախագահը Արարատ Միրզոյանն է: