Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Պաշտպանության նախարարություն
Տեղեկատվական կայք
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, ՀՀ ՊՆ, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։ Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝ ավելին...
1-ին փուլ, որը տևել է 1988 թ․–ի փետրվարից 1992 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․–ի հունիսից 1994 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․–ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։
ՀՀ զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.
ցամաքային զորքեր,
ռազմաօդային ուժեր,
հակաօդային պաշտպանության զորքեր:
ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.
մոտոհրաձգային զորքեր,
տանկային զորքեր,
հրթիռային զորքեր և հրետանի,
օդադեսանտային զորքեր,
ինժեներական զորքեր,
կապի զորքեր։
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը
ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար - Վիգեն Սարգսյան, պաշտոնավարում է 2016 թ.-ից,
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - Մովսես Հակոբյան, պաշտոնավարում է 2016 թ.-ից,
ՀՀ ՊՆ տեղակալ - Արա Նազարյան, պաշտոնավարում է 2007 թ.-ից,
ՀՀ ՊՆ տեղակալ - Դավիթ Փախչանյան,
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ - Էնրիկո Ապրիամով, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավորում է որպես տեղակալ 2000 թ.-ից,
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ - Հայկազ Բաղմանյան, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավարում է 2009 թ.-ից,
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ - Ստեփան Գալստյան, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավարում է 2009 թ.-ից,
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ - Օնիկ Գասպարյան:
Միջազգային խաղաղապահ առաքելություններ
ՀԱՊԿ
Հայաստանի Հանրապետությունը, 1992 թ.–ի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։
Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։
ՆԱՏՕ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որոշակի հարցերում մշտապես համագործակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
Կոսովո
2004 թ․–ին Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայիսահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։
Իրաք
2005 թ․–ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թ․–ի հոկտեմբերին։
Աֆղանստան
Սկսած 2010 թ․–ի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011 թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։
ՀՀ-ում զորակոչը նախատեսված է 18 - 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ 2011 թ.-ին օրենքում լրացում կատարելուց հետո, այն քաղաքացիները, որոնք հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներ են համարվում, օրենքը գործում է 19 տարեկանից։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ։
2012 թ.-ի մարտի 19-ին օրենքում կատարվեց փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր(մինչ այդ փոփոխությունը այդ արտոնությունից օգտվում էին բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները), իսկ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում մինչև 150 կմ տեղակայված զորամասը(մինչ փոփոխությունը 100 կմ էր)։