Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հիմնադրվել է 1933 թվականին Ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա։ 1935 թվականին՝ մանկագիր Խնկո-Ապոր մահվանից հետո, ի հիշատակ նրա, գրադարանն անվանվել է «Խնկո-Ապոր մանկական գրադարան»։

1979 թվականին համաշխարհային մանկական տարվա հռչակման առթիվ 1980 թվականին Խնկո-Ապոր գրադարանին նոր շենք է տրամադրվել Երևանի կենտրոնում Կարապի լճի դիմաց, Տերյան 42/1 հասցեում։ Շենքն առանձնանում է ինքնատիպ ճարտարապետական ոճով (ճարտարապետներ` Լևոն Ղալումյան և Ռուզան Ալավերդյան)։

Գրադարանն ունի 100 ընթերցողական տեղ ունեցող սրահ, գործում են «Իրանական»[1] և «Գերմանական» ընթերցասրահներ, որոնք սպասարկում են ինչպես 3-ից 18 տարեկան երեխաներին, այնպես էլ մանկավարժներին։ Գրադարանի հավաքածուի գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը ընթերցողներին տրամադրվում են ըստ տարիքային առանձնահատկության տարանջատված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով։ Էլեկտրոնային տեղեկատվության բաժնում ընթերցողը կարող է օգտվել համացանցի ռեսուրսներից։

Գրադարանը համագործակցում է Հայաստանում գործող մանկապատանեկան կրթամշակութային կազմակերպությունների հետ, գործում են տարբեր մանկական խմբակներ և ստուդիաներ, կազմակերպվում են մանկապատանեկան նորանոր միջոցառումներ, գրադարանը դարձնելով մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների հետաքրքիր ժամանցի, հանգստի կազմակերպման ու նոր գիտելիքների ձեռքբերման ցանկալի վայրերից մեկը։

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը