Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԵՎ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
Տեղեկատվական կայք
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 93 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:
Տարբեր տարիներին նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժոր նշանակվեց Էդուարդ Թոփչյանը: ավելին...
ՀԱՖՆ-ի համերգաշրջանի հիմնական հանդիսավայրն Արամ Խաչատրյան համերգասրահն է: 1300 հանդիսականի համար նախատեսված այս դահլիճը Երևանի ճարտարապետական գոհարներից է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի կողմից:
Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով:
Իր հիմնադրման շրջանից՝ նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երկացանկը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալիա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն և այլ հյուրեկ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն և Վալերի Գերգիևը. վերջինս հինգ տարի շարունակ եղել է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀԱՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և Ռոդիոն Շչեդրինը: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:
ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: ՀԱՖՆ-ի հետ ելույթ են ունենում հայ անվանի մենակատարներ Սերգեյ Խաչատրյանը, Քիմ Քաշքաշյանը, Սերգեյ Բաբայանը, Իզաբել Բայրաքդարյանը, Նարեկ Հախնազարյանը և այլք: Սկսած 1989թ. ՀԱՖՆ-ն ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ՄԱԷ-ում: Հյուրախաղեր տեղի ունեցան Ճապոնիայում (2008թ.), որտեղ նվագախումբը հանդես եկավ 15 համերգներով, Սլովակիայում և Գերմանիայում (2010թ.) և Իտալիայի Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում անցկացված 4 անվանի փառատոններում (2014թ.): 2015թ-ին կայացան հյուրախաղեր Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում: 2016թ-ի հուլիսի 12-ին նվագախումբը համերգ ունեցավ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Մարիինյան թատրոնում «Սպիտակ գիշերների աստղերը» հեղինակավոր փառատոնի շրջանակում:
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որի 11-րդ հոբելյանական մեկնարկը կտրվի 2017թ-ի աշնանը: Հրավիրվում են միջազգային վաստակ ունեցող երաժիշտներ՝ հանդես գալու փառատոնին որպես մենակատարներ, ինչպես նաև վարպետության դասեր են անցկացնում հայ երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի Տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ: Վերջիններն են «Հայկական ռապսոդիա»-ն` լույս տեսած 2011թ. շվեդական «Բի-Այ-Էս» ընկերության կողմից և Մոցարտի Դաշնամուրի կոնցերտները՝ KV 238 և 415, «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները՝ լույս տեսած գերմանական Oehms Classics ընկերության կողմից 2014թ.: Ձայնասկավառակներն արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին: 2017թ-ին ԱՄՆ-ում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ հատուկ հրատարակությամբ թողարկվեց «Մոցարտ-Կոմիտաս-Խաչատրյան» ձայնասկավառակը 10.000 օրինակով:
Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և շատ այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտությունը լավագույնս ներկայացնում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հայ և միջազգային հայտնի մենակատարների հետ համատեղ:
Միջազգային համբավ ունեցող երաժիշտների և քննադատների կարծիքով Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական մակարդակն շարունակ աճում է` հատկապես հաշվի առնելով նրբին հնչողությունը, տպավորիչ լարային բաժինը և գեղարվեստական ղեկավարի խարիզման:
ՀԱՖՆ–ի կոնցերտմայստերները (2017թ.)