Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Տեղեկատվական կայք
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938 թվականին Լևոն Քալանթարը բեմադրում է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թվականին Տիգրան Շամիրխանյանը՝ «Եղեգնուհին»։ Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր։1939-1944 թվականներին ունեցել է նաև ռուսական բաժին։ ԵՊՏԹ-ում բեմադրություններ են տվել Լևոն Քալանթարը, Տ․ Շամիրխանյանը, Գ․ Խաժակյանը, Գ․ Մուշեղյանը (գեղարվեստական ղեկավար 1946-1951 թթ), Հ․ Գյոզալյանը։ 1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957 թվականներին ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ ավելին...
1957 թվականի հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը (1957-1959), նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյանը։ 1960 թվականին թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը, ով 1961-1978 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ գլխավոր նկարիչն էր Արամայիս Սարգսյանը։ Բեմադրվում են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ։ 1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ՝ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք։ 1976 թվականին Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար՝ «Չքնաղ Գալատեան»՝ հետաքրքրաշարժ կատակերգություն՝ հունական դիցաբանության թեմաներով։ Սրան հաջորդում են Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1983, ռեժիսոր՝ Վոլխովսկի), 1984 թվականին Երվանդ Մանարյանը բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով։ 1975 թվականին թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը՝ Սայաթ Նովա 4 հասցեում։ 1978-1985 թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը։ 1978- թվականին նա բեմադրում է Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազգային փառատոներում արժանանում է մրցանակների, իսկ 1981 թվականին բեմադրում է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակում են իրենց բեմական կյանքը։
1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։ Բեմադրվում են «Երեք նարինջ», «Ալադինի կախարդական լամպը», «Եղեգնուհին», «Ամենից լավ տունը» (Ռ. Մարուխյան)։ Տիգրան Զահալյանը բեմադրում է «Ջոնին և ավազակները», «Համեղ պատառիկ», «Ոսկի ձկնիկ», «Թզուկի երգը», «Գիտության բանալին» և այլ բեմադրություններ, որոնց մեծ մասը դեռևս խաղացանկում են։
Լարիսա Մանգասարովայի բեմադրություններից են «Միցիկի արկածները», «Անահիտ», «Ճանապարհային արկածները», «Սուտլիկ որսկանը» և այլ գործեր։
1985 թվականից գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը, որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ՝ Անժելա Գալստյանը։
1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։